Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՆԲԱՐՅԱՑԿԱՄ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների 2012թ. կատարած աշխատանքները: Միևնույն ժամանակ, ներկայացվել է ոլորտի ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև քննարկվել են առկա խնդիրները:

Խորհրդակցության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2012 թվականը բնութագրել է որպես բուռն տարի համակարգի համար, և նշել, որ նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները հնարավորություն կտան ավելի վերահսկելի  դարձնել բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, ինչպես նաև հստակեցնել փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը: 

ԲՍՓ գործակալության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են 2012թ. կատարած աշխատանքները, ներկա իրավիճակը, խնդիրներն ու հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են հանձնաժողովների անձնակազմի, փորձաքննական բաժինների համապատասխան մասնագետների համալրմանը, տեխնիկական հագեցվածությանը, մարզեր և շրջաններ այցելություններ կատարելու համար տրանսպորտի տրամադրմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը:

Ամփոփելով հանդիպումը` նախարարը նշել է. «Ձեր աշխատանքը ծանր է ու պատասխանատու: Պահանջում եմ և խնդրում առավել հարգալից մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ձեր վերաբերմունքից է կախված ձեր աշխատանքի արդյունավետությունը և քաղաքացու բավարարվածությունը: Սոցիալական աշխատողը իրավունք չունի անբարյացկամ մոտեցում ցուցաբերել քաղաքացուն, պետք է լինի հոգատար, համբերատար ու սիրալիր: Ձեզանից պահանջվում է աշխատանքի ճիշտ կազմակերպում, քաղաքացիների սպասարկման բարձր որակի ապահովում»:

Նախարարի հանձնարարությամբ` ԲՍՓ գործակալության պետի տեղակալը մինչև հունվարի 25-ը հնչեցված խնդիրների վերաբերյալ կներկայացնի ծրագրային առաջարկություններ:

Share