Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3.5%-ՈՎ

2012 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համաշխարհային շուկայում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները կրճատվել են 4.9%-ով: Հաշվետու երեք ամիսներին ամբողջ աշխարհում վաճառվել է 90,3 մլն համակարգիչ: Այս մասին հաղորդում է Gartner-ը՝ նշելով, որ անհատական համակարգիչների վաճառքի ծավալների անկման հիմնական պատճառը պլանշետների նկատմամբ աճող պահանջարկն է:

Ըստ ներկայացված տվյալների՝ ամբողջ 2012 թվականի արդյունքներով աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել է 3,5%-ով և կազմել 352,7 մլն:   

Նշենք նաև, որ 2012 թվականի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարը HP ընկերությունն է, որը հաշվետու տարում վաճառել է 56,5 մլն համակարգիչ: Շուկայում ընկերության մասնաբաժինը կազմել է 16%:  

Վաճառքի ծավալներով երկրորդ հորիզոնականում չինական Lenovo-ն է, որը մեկ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում իրացրել է 52,15 մլն համակարգիչ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 14,8%:

Առաջատար եռյակը եզրափակում է ամերիկյան Dell ընկերությունը, որը 2012 թվականին վաճառել է 37,6 մլն անհատական համակարգիչ (մասնաբաժինը՝ 10,7%):

Share