Բաժին. Տնտեսական

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

2013 թվականին առաջին անգամ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ: Մարզպետների մասնակցությամբ տարածքային կառավարման նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին եւ մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ եւ խորհրդատվություն:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ավելացրել է, որ գնումների գործընթացները լինելու են նաեւ Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարեւորել է համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը եւ գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի եւ դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն:

Քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր:

Share