Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԸ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հունաստանին 4,3 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով հերթական վարկային տրանշի տրամադրումը, որը երկրին կօգնի խուսափել դեֆոլտից:

Ինչպես նշվում է ԱՄՀ հայտարարության մեջ՝ կառույցը դրական և ընդունելի է համարում Հունաստանում իրականացվող «բյուջետային տնտեսման» միջոցառումները: Նշենք, որ 2008 թվականից ի վեր Հունաստանի կառավարությունը զգալի կրճատել է պետական ծախսերը, բարձրացրել է հարկերը և մեկնարկել է պետական գույքի մասնավորեցման ծրագիր:

Հիշեցնենք, որ այս տարվա մեկնարկին Հունաստանի խորհրդարանը հաստատել էր երկրի առավել հարուստ բնակիչների համար հարկերի բարձրացման նախագիծը, ըստ որի՝ այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 45 հազար եվրոն, պետական բյուջե կվճարեն իրենց հարկերի 45%-ը:

Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով:

Share