Բաժին. Տնտեսական

ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻ. «ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»

Հայաստանի և Վրաստանի միջև ընդհանուր տնտեսական շուկա ստեղծելու գաղափարի իրագործումն անհրաժեշտ կլինի երկու երկրների ինտեգրացիայի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք նոր կառավարություն ենք, նոր իշխանություն և հույս ունենք բարելավել, զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ առաջին հերթին տնտեսական առումով», նշել է Վրաստանի վարչապետը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևիցե մի հարց, որը երկու երկրների կառավարություններն ի վիճակի չեն համատեղ քննարկումներով լուծել:

«Մենք արձանագրեցինք, որ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ: Շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք միջկառավարական հանձնաժողովի մեր հաջորդ հանդիպումը, և բոլոր ոլորտներում ունենք բավական հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր», – ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Share