Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում տեղի է ունեցել Տեմպուսի “HEN-GEAR” ծրագրի (Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը) մասնակից  համալսարանների, կազմակերպությունների և AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը:

Եվրոպական Միության “HEN-GEAR”  ծրագրին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, Հայաստանի ութ համալսարանների, ՀՀ ուսանողների ազգային ասոցիացիայի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության,  ինչպես նաև Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի ներկայացուցիչներ:

Հայաստանյան բուհերը ներկայացել են հետևյալ կազմով` Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան /Պոլիտեխնիկ/, Պետական տնտեսագիտական համալսարան, Ճարտարապետաշինարարական համալսարան, Գեղարվեստի ակադեմիա, Պետական ագրարային համալսարան, Գավառի պետական համալսարան և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել համագործակցության ցանց համալսարանների և գործատուների միջև` դրանով ավելի արդյունավետ ու մատչելի դարձնելով բուհերի շրջանավարտների մուտքն աշխատանքային շուկա:

Եռամյա ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Տեմպուս ծրագիրը: Ծրագրի ավարտին նախատեսվում է AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի օրինակով Հայաստանում ստեղծել համագործակցության մի ցանց և տվյալների բազա, որտեղ կտեղադրվեն շրջանավարտների ինքնակենսագրական տվյալները, որը կնպաստի գործատուի և շրջանավարտի միջև հասցեական, արագ ու առցանց կապ հաստատելուն: Գործընթացը նաև հնարավորություն կտա իրականացնել շրջանավարտների աշխատանքային կարիերայի մշտադիտարկում: Այդ նպատակով Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումը հանձն է առնել փոխանցել իր փորձը և հմտությունները հայ գործընկերներին:

Եռօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի հիմնադիր տնօրեն Անդրեա Կամմելլին պատրաստակամություն է հայտնել նպաստել համալսարան-շրջանավարտ-աշխատանքի շուկա եռակողմ համագործակցության նոր մշակույթի ներդրմանը Հայաստանում: Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Իվանո Դիոնիջիի հետ:

Share