Տնտեսական

Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը. հաջորդը Ռուսաստանն է

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-ապրիլին կազմել է ավելի քան 6.5 միլիարդ դոլար (2.7% նվազմամբ)։ Արտահանումը կազմել է ավելի քան 1.7 միլիարդ դոլար (10.1% նվազմամբ), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան 4.8 միլիարդ դոլար (0.3% աճով)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին գերազանցել է 3 միլիարդ դոլարը։

Վրաստանի առևտրային գործընկերների շարքում հունվար-ապրիլ ամիսներին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտրի ծավալը կազմել է գրեթե 965 միլիոն դոլար, ինչը 3.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլ ժամանակահատվածում կազմել է ավելի քան 836 միլիոն դոլար, ինչը 1.5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Այս պահին Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդն է։

Երրորդը Չինաստանն է, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 497 միլիոն դոլարը (0.5% աճ)։ Դրան հաջորդում են ԱՄՆ-ն (գրեթե 480 միլիոն դոլար), Ադրբեջանը (ավելի քան 400 միլիոն դոլար) և Գերմանիան (ավելի քան 336 միլիոն դոլար)։

Share