Բաժին. Տնտեսական

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ. 3 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԵԼ ԵՆ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ( ՏՄՊՊՀ) մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ մի շարք ընկերությունների հանդեպ հարուցել է վարչական վարույթներ: 

Այսպես, պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին: Հանձնաժողովը ուսումնասիրել է 88 մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման համար հայտարարված ավելի քան 200 մրցույթների կազմակերպման գործընթացը: Արդյունքում պարզվել է, որ որոշ ընկերություններ՝  «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և  «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն:

Ուսումնասիրված փաստաթղթերում նրանց կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները և  կոնտակտային տվյալները:  Առկա են նաև փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում: Օրինակ, «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչև 40%-ով բարձր գին:

Հատկանշական է, որ նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։ Մի շարք դեպքերում էլ, միաժամանակ մասնակցելով նույն մրցույթին, վերոնշյալ երեք ընկերություններից մեկը տվյալ ապրանքի մատակարարման համար ներկայացրել է անհամեմատ ցածր գին և, բնականաբար, հաղթող է ճանաչվել: Սակայն հետագայում հրաժարվել է մրցույթից՝ իր տեղը զիջելով երկրորդ տեղը զբաղեցրած և հաղթող ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության:

Վերոնշյալ խախտումների հիման վրա Հանձնաժողովը վարույթ է հարուցել  «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» և  «Սեար Գրուպ» ընկերությունների հանդեպ:  

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարեվերջին Հանձնաժողովը մոտ 15 մլն դրամ տուգանք է կիրառել նույն  «Սեար գրուպ» և  «Երեքնուկ» ընկերությունների հանդեպ՝  մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ:

Share