Բաժին. Տնտեսական

ՀՀ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Երևանում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի համագործակցությամբ TAIEX տեխնիկական աջակցության գործիքի կազմակերպված «ԵՄ ոչ ներդաշնակեցված ոլորտների օրենսդրությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովը: 

Միջոցառմանը մասնակցել են տեխնիկական կանոնակարգմամբ զբաղվող ՀՀ ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի, արդարադատության, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների,  ՀՀ կառավարության, որակի ենթակառուցվածքի ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ և միջազգային փորձագետներ:

Աշխատաժողովի ընթացքում ԵՄ հրավիրված փորձագետները ներկայացրել են պարենային և ոչ պարենային արտադրանքի կանոնակարգման տարբերությունները, ԵՄ և միջազգային պահանջներին որակի ենթակառուցվածքների օրենսդրության համապատասխանեցման գործընթացը, ինչպես նաև ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ազգային մարմինների` միջազգային և տարածաշրջանային համապատասխան կառույցներին ինտեգրման փորձը:

Աշխատաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը բխում էր ՀՀ-ԵՄ հետ Խոր և Համապարփակ Ազատ Առևտրի Համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակներում ՀՀ որակի ենթակառուցվածքների գործող օրենսդրությունը ԵՄ համապատասխան օրենսդրությանը մոտարկելու կարևորությունից:

Որակի ենթակառուցվածքների բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը, արտահանման խթանմանը և գիտատեխնիկական առաջընթացին:  

Նշված բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնելու Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և մատուցված ծառայությունների որակը և խթանելու դրանց արտահանումը, ինչը, առևտրի տեխնիկական խոչընդոտների նվազեցման միջոցով աջակցելով Եվրամիության հետ Հայաստանի առևտրի առավել սերտ ինտեգրմանը` կնպաստի Հայաստանի համաշխարհային մրցունակության բարձրացման գործին և Հայաստանի որակի ենթակառուցվածքների միջազգային ճանաչմանը:

Share