Թուրքիայում մայիսին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 75.45%: Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ սա առավելագույն ցուցանիշն է 2022-ի նոյեմբերին գրանցված 84.4% ցուցանիշից ի վեր:
Անկախ տնտեսագետների ENAG խմբի տվյալներով՝ մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 120.66%: Ապրիլին հանրապետությունում գնաճը կազմել է 69.8%:
Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ ապրիլ-մայիս ամիսներին գնաճի ցուցանիշն աճել է 3.37%-ով: Ըստ ENAG-ի՝ աճը կազմել է 5.66%: Գների նվազագույն աճը՝ 1.01% գրանցվել է կապի ոլորտում, առավելագույնը՝ 9.6%՝ հագուստի և կոշկեղենի շուկայում:
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ կանխատեսել էին, որ մայիսին գնաճը կհասնի գագաթնակետին, այնուհետև կնվազի: Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում գնաճը կլինի 38%: 2025-ի և 2026-ի համար կանխատեսումները կազմում են համապատասխանաբար 14% և 9%, ապա իշխանությունները մտադիր են այն հասցնել 5%-ի: