Բաժին. Տնտեսական

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ WI-FI ԿԱՊ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մի շարք փոփոխություններ է իրականացրել իր սակագնային քաղաքականության մեջ: Այսպես, 2013 թվականի հունվարի 1-ից մերձքաղաքային ուղևորափոխադրումներում գործում են նոր սակագներ. կրճատվել է սակագնային գոտիների թիվը: Անփոփոխ են մնացել Երևան-Արմավիր, Երևան-Արարատ, Երևան-Հրազդան գնացքների տոմսերի արժեքը: Երևան-Գյումրի գնացքի տոմսի արժեքը 950 դրամից փոխվել է հազար դրամի:  

Ընկերության հայտարարության համաձայն՝ միջազգային գնացքների տոմսերի արժեքը փոփոխություն չի կրի, սակայն 2013 թվականից աշխատանքային օրերին գները կլինեն ավելի ցածր, իսկ ամռանը տարբերակում կմտցվի նաև վերևի և ներքևի տեղերի համար  (վերևի տեղերը կլինեն ավելի էժան):  

Բացի այդ, մոտակա ժամանակահատվածում անվճար Wi-Fi կապը կգործի Երևան-Գյումրի էլեկտրագնացքում, միջազգային գնացքների ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:  

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում վերանորոգում կանցնեն միջազգային գնացքների 9 վագոն և 2 էլեկտրագնացք:

2009-2011թթ. Վորոնեժի վագոնավերանորոգման գործարանում կապիտալ վերանորոգում է անցել «Արմենիա» ֆիրմային գնացքի 27 վագոն, իսկ ևս 28 վագոն և 2 էլեկտրագնացք վերանորոգվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում՝ 2012 թվականին:

Երկաթուղու ապագա ծրագրերից է լինելու երկաթուղային կայարանների տարածքներում տրանսպորտային հանգույցների ստեղծումը: Ներկա պահին քննարկվում է նման հանգույցների ստեղծումը Գյումրիի և Արմավիրի վերանորոգված կայարաններում: Ըստ այդ ծրագրերի, նախատեսվում է ավտոտրանսպորտը անհարմարավետ ավտոկայաններից բերել երկաթուղային կայարաններ, որտեղ ուղևորների համար արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններ:

Share