Տնտեսական

Իտալիան մտադիր է 140 միլիոն եվրո ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ

Իտալիայի իշխանությունները 140 միլիոն եվրո են ներդնում ուկրաինական տնտեսության մեջ՝ նպաստելու երկրի վերականգնմանը: Այս մասին Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, Նախարարների խորհրդի փոխնախագահ Անտոնիո Տայանին:

«Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել Ուկրաինայում և տրամադրել ոչ միայն ռազմական օգնություն: 140 միլիոն եվրոյի նոր փաթեթը ուղղված կլինի Ուկրաինայի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ինչպես նաև գյուղատնտեսության և հումանիտար ոլորտների ֆինանսավորմանը», – ասել է իտալացի պաշտոնյան:

Նախարարը հիշեցրել է նաև Օդեսայի Պայծառակերպության տաճարի վերականգնման վերաբերյալ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը:

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023-ի հուլիսին Օդեսայի Պայծառակերպության տաճարի ավերման ամենահավանական պատճառը եղել է ուկրաինական հրթիռի անկումը ՀՕՊ անգրագետ գործողությունների պատճառով: Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությանը Պայծառակերպության տաճարը վնասելու մեջ մեղադրելու փորձերը հիասթափություն և տարակուսանք են առաջացնում:

Share