Տնտեսական

Թուրքիան հայտարարել է, որ «Իսլամական ութնյակի» երկրները բարտերային առևտուր են սկսելու

«Իսլամական ութնյակում» ընդգրկված երկրները որոշեցին միմյանց միջև բարտերային առևտուր հաստատել: Փող չօգտագործող հաշվարկային համակարգի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

«Մենք որոշել ենք մշակել նոր ռազմավարություններ՝ ուղղված «Իսլամական ութնյակի» երկրների միջև առևտրի ավելացմանը, ընդլայնելու համագործակցությունը նորարարական և, այսպես կոչված, կանաչ նախագծերում և աշխատել բարտերային առևտրի համակարգի ստեղծման ուղղությամբ: Մենք մտադիր ենք քայլեր ձեռնարկել աջակցելու մեր տնտեսական զարգացմանը՝ հաստատելով ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, տեխնոլոգիաների փոխանակումը և ներդրումային հնարավորությունները, փոխանակման առևտրի համակարգի շնորհանդեսը կկազմակերպվի հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում»,- ասել է թուրք պաշտոնյան:

Թուրքիայի առևտրի նախարարի խոսքով՝ իսլամական ութ երկրների ՀՆԱ-ն կազմում է 4 տրիլիոն դոլար, արտահանման ընդհանուր ծավալը՝ 1.5 տրիլիոն դոլար, իսկ նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը մոտենում է 110 միլիարդ դոլարին:

«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում: Կազմակերպության մեջ մտնում են Թուրքիան, Նիգերիան, Եգիպտոսը, Պակիստանը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան և Բանգլադեշը: Անցած շաբաթավերջին Ստամբուլում տեղի ունեցավ «Իսլամական ութնյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Share