Բաժին. Տնտեսական

«ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՄԱԼԻՐ». ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը` ի դեմս  խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «Լույս»  հիմնադրամը` ի դեմս կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի, ազդարարել  են համատեղ նոր նախաձեռնության` «Գիտելիքի համալիր» ծրագրի  մեկնարկը:

Ծրագրի նպատակը  Հայաստանի առաջատար բուհերի և փորձագետների միջև փորձի փոխանակման ապահովումն է, որը հնարավորություն է տալիս բոլոր ներգրավվածներին` միմյանց փոխանցել ուսումնառության և  գիտելիքի պրակտիկ գործածման լավագույն փորձը:

Կարևորելով ծրագրի մեկնարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագիրն ունի մի քանի նպատակ` երիտասարդ կադրերով բուհական համակարգի համալրում և նոր մտածելակերպի, նոր գիտելիքի ներմուծում ակադեմիական միջավայր:  

«Ծրագրի մյուս նպատակն է ցույց տալ, որ «Լույս» հիմնադրամի շրջանավարտներն իրականում հայաստանակենտրոն շրջանավարտներ են, քանի որ զգում են պատասխանատվություն պետության, ժողովրդի առջև, այն ժողովրդի, ով իր ջանքերով ֆինանսավորել է իրենց` բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը: Նշեմ նաև, որ «Լույս»  հիմնադրամի շրջանավարտները ոչ միայն վերադառնում են հայրենիք, այլև պատրաստ են զուգահեռ աշխատել նաև հայաստանյան բուհերում: Շնորհակալություն բոլոր այդ շրջանավարտներին` իրենց սոցիալական պատասխանատվության և հայրենասիրության համար: Կարծում եմ, որ 21-րդ դարում հայրենասիրության բանաձևը վերանայման կարիք ունի. հայրենասեր է ոչ միայն նա, ով պատրաստ է պաշտպանել հայրենիքը, այլ նաև նա, ով իր ոլորտում իր կարողությունների չափով ծառայում է հայրենիքի զարգացմանը: Սովորելն ու սովորեցնելն իրականում հայրենասիրության ուժգին դրսևորումներից մեկն է»,-նշել է Արմեն Աշոտյանը:

«Լույս»  հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն իր հերթին նշել է, որ «Լույսի» շրջանավարտները, ովքեր սերտ կապ են պահում իրենց ավարտած բուհերի հետ, կդառնան գիտելիքի դեսպաններ` խթանելով Հայաստանում  հետազոտական մտքի զարգացմանը: Ծրագիրը, ըստ  Ժաքլին Կարաասլանյանի, կապահովի նորագույն գիտելիքի հոսքն արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ` ապահովելով գիտելիքների և մտքի շրջանառություն:

Արամ Սիմոնյանը ևս, կարևորելով ծրագիրը, ընդգծել է, որ պետք է ստեղծվի համապատասխան միջավայր, որպեսզի այն  շնորհաշատ երիտասարդները, ովքեր աշխարհի լավագույն բուհերում կրթություն են ստացել և հայրենիք են վերադարձել, կարողանան իրենց գիտելիքները և հմտություններն օգտագործել հայրենի երկրի և հասարակության զարգացման համար:

«Հայաստանյան բուհերը պատրաստ են իրենց գիտական և կրթական աշխատանքներում ներգրավել այդ շրջանավարտներին, ովքեր նաև ժամանակակից միջավայր կստեղծեն մեր բուհերում: Եվ, ամենակարևորը, որ նշված շրջանավարտները հավատացած լինեն, որ իրենք պահանջված կլինեն հայրենիքում և նրանց հնարավորություն կտրվի կարեիրա ստեղծել նաև գիտակրթական հիմնարկներում»,-նշել է ԵՊՀ ռեկտորը:

Նշենք, որ աշխարհի առաջատար բուհերի «Լույս» հիմնադրամի շրջանավարտները և փորձագետները ծրագրի շրջանակում կդասավանդեն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կկազմի Հայաստանի պետական բուհերի ուսումնական պլանի մասը: Ծրագիրն առաջարկում է թեմատիկ քննարկումներ` հետևյալ խորագրով` «Սովորելու և սովորեցնելու հազար ու մի եղանակ»: Թեմատիկ քննարկումները կանցկացվեն յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ:

Share