Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԾԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՆ

Գյումրիում շահագործման կհանձնվի տարածաշրջանում միակը հանդիսացող ածիկի արտադրության ժամանակակից գործարան: Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Երևանի գարեջուր» ընկերությունը, որը, հաշվի առնելով հանրապետության հաղորդակցման ուղիների հայտնի խնդիրները, միջազգային շուկայում հումքի գների և տրանսպորտային բաղադրիչի գների էական բարձրացման շարունակական միտումները, նպատակ ունի ստեղծել արտադրական հումքի ապահովման տեղական բազա: Ի դեպ, հիմնական հումքատեսակ հանդիսացող ածիկը ներկայում ամբողջությամբ ներկրվում է արտերկրից:

Գյումրիում ներկայում շուրջ 750-800 մլն դրամ նախագծային արժեքով իրականացվում է արտադրական մասնաշենքերի շինարարությունը, որն ապահովելու է ածիկի արտադրության բոլոր տեխնոլոգիական պրոցեսները՝ գարու մթերում, չորացում, տեսակավորում և ածիկացում: Նախատեսվում է տարեկան թողարկել շուրջ 15-18 հազար տոննա բարձրորակ ածիկ, որի մոտ 30 տոկոսը իրացվելու է տեղական շուկայում, իսկ 70 տոկոսն՝ արտերկիր: Շինարարությունն իրականացվում է ներգրավված վարկային միջոցներով և ընկերության շահույթների հաշվին: Այս պահին կատարված է շինմոնտաժային աշխատանքների մոտ 65-70 տոկոսը:

Գործարանն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում: Արդյունքում կապահովվի շուրջ 200-250 աշխատատեղ: Այն տեղական հումքով ապահովելու համար անհրաժեշտ կլինի գործարկել մոտ 6000 հա հողատարածքներ, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսական սեզոնի ընթացքում աշխատանքով ապահովել մոտ 800 գյուղացու:

Գործարանը հագեցած է լինելու ժամանակակից «Լաուսմանն» տիպի տեխնոլոգիայով և եվրոպական արտադրության՝ գերմանական, շվեյցարական, չեխական-սլովենական բարձրակարգ սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ապահովել մրցունակ ու բարձրորակ արտադրանքի թողարկում: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և տեխնոլոգիաների ներդրման համար, ներգրավվել են մոտ 2,3 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ: Սարքավորումների շուրջ 75 տոկոսն արդեն ներկրվել է:

Share