Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ 1.4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Ընթացիկ տարում ԱՄՆ-ում տնտեսական աճը կկազմի 1,4%: Նման կանխատեսում է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային բյուրոն (CBO)՝ ընդգծելով, որ ամերիկյան տնտեսության սպառնացող ռիսկերը նվազել են:

Նշենք, որ ավելի վաղ կանխատեսվել էր 0,5% տնտեսական աճ՝ պայմանավորված հավանական դեֆոլտով:

CBO-ն նաև կանխատեսում է, որ ընթացիկ տարում գործազրկության մակարդակը երկրում կկազմի 8%: 

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր պետական պարտքի առավելագույն թույլատրելի սահմանի ժամանակավոր վերացման մասին օրենքը, որի շնորիվ, փաստորեն, երկիրը խուսափեց տեխնիկական դեֆոլտից:

Օրենքը թույլ կտա երկրի կառավարությանը մինչև ընթացիկ տարվա մայիսի 19-ը նոր պարտքեր կուտակել և գերազանցել պետական պարտքի վերին սահմանն`առանց Կոնգրեսից համապատասխան համաձայնության:

Նշենք, որ ներկայումս ԱՄՆ պետական պարտքի առավելագույն թույլատրելի մակարդակը սահմանված է 16,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսն այս ցուցանիշը կգերազանցվի 450 մլրդ ԱՄՆ դոլարով:

Share