Բաժին. Տնտեսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է 3280 ՀԱՏ ՎԱՐԿ

2009-2012թթ. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունն, ընդհանուր առմամբ, վերաֆինանսավորել է 3,280 հատ վարկ՝ 24,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով։  

Ինչպես տեղեկացնում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ից՝ վերաֆինանսավորված վարկերի միջին գումարը կազմել է 7.62 մլն ՀՀ դրամ, միջին կշռված տոկոսադրույքը` 12.72 և միջին կշռված ժամկետը կազմել է 12.5 տարի։ Վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի գերակշռող մասը տրամադրվել է Երևանում:

Ըստ Ընկերության տարեկան հաշվետվության՝ 2012թ.-ին, 2011թ.-ի համեմատ, Ազգային Հիփոթեքային Ընկերության վարկային պորտֆելն աճել է 34.3%-ով և կազմել 19,2 մլրդ ՀՀ  դրամ։ Հաշվետու տարվա արդյունքներով Ընկերության ֆինանսական շահույթը հարկումից հետո կազմել է 458,384 հազար ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 112,742 ՀՀ դրամով կամ 32.6%-ով։

Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին, որպես փակ բաժնետիրական ընկերություն։ Ընկերության միակ հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։  

Ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցովկարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:

Share