Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երևանում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության կենտրոն, որը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, կաջակցի ուսուցիչներին` մշակելու և ներդնելու ԵՄ-ին առնչվող դասընթացներ դպրոցներում, ինչպես նաև կօժանդակի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը:

Կենտրոնի բացման կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այն Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների և համագործակցության հերթական էջն է: «Չթերագնահատելով այլ ոլորտների կարևորությունը, այնուհանդերձ, ցանկանում եմ հավաստել, որ միայն կրթության ոլորտում է հնարավոր դնել եվրոպական ինտեգրման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ հիմքեր, և միայն կրթությունն է, որ թույլ է տալիս դաստիարակել, կերտել սերունդներ, ովքեր գիտելիքից բացի, ունեն միևնույն արժեքները, իսկ Եվրոպան, ինչպես գիտենք խարսխված է ոչ միայն քաղաքական հետաքրքրություների, այլ նախևառաջ արժեքների վրա: Նշեմ, որ կենտրոնը պարտավորեցնող առաքելություն է իր վրա վերցնում, որովհետև կրթության ոլորտում ԵՄ-ի հետ մենք արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք վերաբերում են կրթության բոլոր ոլորտներում ծավալված արդյունավետ և տարեցտարի թափ հավաքող ծրագրերին: Որպես կրթության բնագավառում հաջողություների ճանաչման գագաթնակետ` մենք ընդունում ենք մեր եվրոպական գործընկերների աջակցությունը` Հայաստանը որպես Բոլոնիայի գործընթացի նախագահությունը հյուրընկալող և առաջիկա երեք տարիներին եվրոպական կրթական ողջ տարածքը համակագող երկիր»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նորաբաց կենտրոնն իր գործունեությամբ աջակցելով ՀՀ կրթական համակարգին` միաժամանակ աջակցում է հենց եվրոպական կրթական տարածքին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը երկար սպասված նախաձեռնություն է: «Կրթությունը տոմս է դեպի ապագա, և այն մարդիկ, ովքեր ստանում են այդ կրթությունը և նախապատրաստվում են վաղվա օրվան, կարող են ապագա կառուցել և հաջողակ լինել»,-նշել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ նորաբաց կենտրոնը կհամագործակցի բարձրագույն կրթական հաստատությունների և ավագ դպրոցների աշակերտների հետ` մեծացնելու նրանց իրազեկությունը Եվրոպական Միության և ՀՀ-ում ԵՄ-ի գործունեության վերաբերյալ:

Share