Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԱՏՎԵԼ ԵՆ

2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 5-ը Երևանում և մարզերում անցկացվել են «Հարկային օրենսդրության և վարչարարության նորություններ» թեմայով իրազեկման շուրջ 30 հանդիպումներ, որոնք նպատակ են հետապնդել բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածությունը՝ 2013 թվականին ուժի մեջ մտած հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների և վարչարարության նորությունների վերաբերյալ:

ՊԵԿ վերադաս մարմնի ներկայացուցիչները հարկ վճարողներին ներկայացրել են, մասնավորապես,  «Հարկերի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «ԱԱՀ-ի մասին», «Շահութահարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Ակցիզային հարկի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև եկամտային հարկը և շրջանառության հարկը:

ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում բիզնեսի կողմից ուղղել է շուրջ 2500 հարց` կապված հարկային օրենսդրության տարբեր դրույթների կիրառման հետ, որոնց շուրջ հարցուպատասխանի միջոցով  պարզաբանումներ են տրվել  ավելի քան 8500 հարկ վճարողների, հաշվապահների, ֆինանսիստների:

Հարցերի գերակշռող մասը վերաբերել է 2013թ. հունվարի 1-ից կիրառվող եկամտային հարկին, մասնավորապես, եկամտային հարկի հաշվարկների էլեկտրոնային եղանակով ներկայացմանը: Երկրոդ տեղում եղել են փոքր և միջին բիզնեսի կողմից բարձրացված հարցերը` ուղղված հիմնականում նոր հարկատեսակի` շրջանառության հարկի կիրառմանը:

Ինչպես տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ իրազեկման հանդիպումների արդյունքում հաջողվել է արձանագրել, որ փոքր և միջին բիզնեսի մտահոգությունները` կապված շրջանառության հարկի ոչ միատեսակ ընկալվելու հետ, ամբողջությամբ փարատվել են: «Այս հանդիպումների ընթացքում մենք համոզվեցինք, որ նման եզրահանգումները պարզապես արդյունք էին օրենսդրական դրույթներին ոչ լավատեղյակ լինելուն: Այսինքն, իրազեկման աշխատանքների, հարցուպաատսխանի շնորհիվ մեզ հաջողվեց բիզնեսին մատուցել օրենսդրական դրույթների էությունը», – նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Share