Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻՆ

Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանը սիրիահայ ոսկերիչներին ներկայացրել է աշխատանքային 2 առաջարկ.  ընդունվել աշխատանքի՝ որպես ոսկերիչ, կամ էլ առաջիկա 6 ամիսների ընթացքում անվճար աշխատանքային տարածք վերցնել: Երկրորդ առաջարկի ընդունման պարագայում սիրիահայ ոսկերիչները հնարավորություն կունենան օգտվել նաև գործարանի աշխատանքային գործիքներից, տարատեսակ արտադրամասերից:

Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ կայացած հանդիպման ժամանակ գործարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել օրենսդրական և շուկայագիտական ոլորտների խորհրդատվությամբ: Համագործակցության պարագայում՝ գործարանի կողմից կտրամադրվեն նաև արտաքին շուկաների հնարավորություններն ու կապերը:

Հանդիպման մասնակցող սիրիահայ ոսկերիչները հետաքրքրվել են արտահանման հնարավորություններով, հարցեր բարձրացվել մաքսային ու հարկային օրենսդրության որոշ դրույթների վերաբերյալ:

Շատ մասնագետներ տեղում նախանշել են իրենց առաջիկա անելիքները՝ ընդունելով առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:

Share