Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի Նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը: Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում: Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:

Share