Բաժին. Տնտեսական

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ. ԳԻՇԵՐՕԹԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԴԱՌԱՆԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր:  

Հուշագիրը հավաստում է վերոնշյալ երեք կողմերի պատրաստակամությունը` օժանդակել «Անապահով երեխաների կազմակերպական զարգացում և ներգրավվածություն» ծրագրին, որը կյանքի է կոչվելու «Խաղաղության սուրհանդակներ» առաքելության շրջանակներում:

Ծրագիրը նպատակաուղղված է ավելացնելու սկաուտական կազմակերպության միջոցով անապահով երեխաների հասարակական ներգրավվածության աստիճանը, կանխարգելելու նրանց շրջանում հակասոցիալական վարքի դրսևորումներն ու ապահովելու երեխաների ծանոթությունն ու մասնակցությունը սկաուտական շարժմանը:

Ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել 2 տարիների ընթացքում, կներգրավվեն խնամքի պետական հաստատություններում ապրող 700-ական սոցիալապես անապահով երեխա: Կկազմակերպվեն սեմինարներ, սկաուտական դասընթացներ, արշավներ և բանակումներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 18 մլն դրամ, որը դրամաշնորհային կարգով ՀԱՍԿ-ին տրամադրել է Համաշխարհային սկաուտական շարժման «Խաղաղության սուրհանդակներ» հիմնադրամը:

Share