Բաժին. Տնտեսական

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴՐԵԼ Է ՀԵՌԱՉԱՓՄԱՆ ON-LINE ՀԱՄԱԿԱՐԳ

Հունվար ամսին «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության մեջ արձանագրվել է հերթական ձեռքբերումը. մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցի արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերի շրջանակներում եռամսյա աշխատանքներից հետո սկսել է գործել հեռաչափման համակարգը:

Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերության Մամուլի ծառայությունից՝ ընկերության  կողմից սպասարկվող տարածքի ջրաղբյուրներում, օրվա կարգավորման ջրամբարներում, բաշխիչ ցանցի հանգուցային կետերում և այլ վայրերում տեղադրվել է հայրենական արտադրության GPRS համակարգի թվով 80 հաղորդիչ, որի շնորհիվ առկա չափիչ սարքերի (ջրի ճնշման տվիչներ, ջրի մակարդակաչափեր, հոսքաչափեր և այլն) կողմից գրանցվող տվյալները ինքնաշխատ եղանակով, 5 րոպե հաճախականությամբ մուտքագրվում են ընկերության համակարգչային բազա:

Սա հնարավորություն է տալիս թե՛ բացառել մարդկային գործոնն իր բոլոր թերություններով և թե՛ ուղղակիորեն՝ on-line ռեժիմով հետևել ջրի շարժին՝ ողջ համակարգում, ինչն ապահովում է գործընթացներին ժամանակին միջամտելու, այդ թվում՝ վթարներին արագ արձագանքելու հնարավորություն: Ընդ որում, նշված հաղորդիչներում սահմանված են որոշակի տեխնիկական չափանիշներ, որոնց խախտման դեպքում անմիջապես տրվում տագնապի ազդանշան՝ օպերատորին տեղյակ պահելով համակարգի տվյալ կառույցում առաջացած խնդրի մասին:

Ըստ ընկերության Տեխնիկական տնօրինության մշտադիտարկման և ռազմավարության վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ նմանատիպ սարքերի տեղադրումը ջրամատակարարման բաշխիչ ցանցում շարունակվելու է՝ ընդգրկելով վերջինիս բոլոր կառույցներն ու գործառույթները, ինչպես նաև ապահովելով առավելագույն իրազեկում համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ: Ավելին, հետագայում նախատեսվում է տեղադրել հեռակառավարման համակարգ ևս, որի շնորհիվ հնարավոր կդառնա նաև կառավարել համակարգը մեկ կենտրոնից, նորից առանց մարդկային միջամտության ու ժամանակ կորցնելու՝ ի շահ սպառողի:

Նշենք նաև, որ հունվարին Երևանում շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել բաժանորդների 70,3%-ը, 17-23 ժամ՝ 26,4%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3,3%-ը: Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1484 կետից վերցվել է փորձանմուշներ, որոնց ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Share