Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐՎԵԼ Է 114 ԳՅՈՒՏ ԵՎ 38 ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼ

2012 թվականին  ՀՀ Էկոնոմիկայի  նախարարության մտավոր սեփականության գործակալությունը ստացել է 141 գյուտի և 41 օգտակար մոդելի հայտ, որոնցից 175-ը` ազգային, 7-ը` օտարերկրյա հայտատուներից:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակն աճել է 9-ով: Հատկանշական է, որ հաշվետու տարվա ընթացքում ազգային հայտատուների կողմից ներկայացվել են գյուտերի 7  միջազգային հայտեր: Միևնույն ժամանակ, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից ներկայացվել է 3 հայտ:

2012 թվականին գործավարությունն ավարտվել է 187 հայտով, ընդ որում՝ 114 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 38 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 21 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, 14 գյուտի (օգտակար մոդելի) հայտով` արտոնագիր տալն ամբողջությամբ մերժելու մասին: 

Նշենք նաև, որ ՀՀ Էկոնոմիկայի  նախարարության մտավոր սեփականության գործակալության գործունեության ընթացքում`1992թ-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում,  ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 3 679: Այս նույն ժամանակահատվածում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել 71 գյուտի հայտ:

Share