Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ GENERAL MOTORS-Ը ՎԱՃԱՌԵԼ Է 9.2 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնը ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 33%-ով և կազմել 6,19 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է և կազմել 152,3 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2011 թվականին գրանցված 150,3 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց:  

Նախորդ տարվա միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով GM-ի զուտ շահույթն աճել է 64,7%-ով և կազմել 1,19 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթն աճել է 3%-ով և կազմել 39,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Չորրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում GM ավտոկոնցեռնը վաճառել է 2,334 մլն ավտոմեքենա: Հաշվետու տարվա կտրվածքով ցուցանիշը կազմել է 9,288 մլն: 

General Motors ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 35 երկրում: Ընկերության արտադրանքն առավել մեծ պահանջարկ է վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում:

Share