Բաժին. Տնտեսական

ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը տարեցտարի ավելի արդյունավետ և ընդգրկուն են դառնում։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Հաոլինգ Հուին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա համագործակցությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ 2009թ.-ին հաստատված ՀՀ-ի 2010-2015թթ.-ի զարգացմանն աջակցության ՄԱԿ-ի փաստաթուղթը (UNDAF) ներառում է խնդիրների այն լայն շրջանակը, որոնց իրականացումը, ՄԱԿ-ի օժանդակությամբ ու փորձագիտական օգնությամբ, հնարավորություն կտա Հայաստանին իրականացնելու Հազարամյակի զարգացման նպատակներով նախատեսված մի շարք ծրագրեր։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների իրականացման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարի Հայաստանը նշել է ՄԱԿ-ին իր անդամակցության քսանամյակը և այս երկու տասնամյակի ընթացքում ակտիվորեն ներգրավվել կազմակերպության աշխատանքներում:

Share