Բաժին. Տնտեսական

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի  հետազոտական և վերականգնողական  աշխատանքների համակարգման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ նախագահի օգնական Ա. Բերբերյանը, ՀՀ քաղաքաշինության, մշակույթի, արտակարգ իրավիճակների  նախարարությունների ներկաացուցիչները, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի պատասխանատուները եւ հատուկ այդ նպատակով  ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի անդամները:  

Մայր Տաճարի  վերականգնման  համար  Հանրապետության նախագահին էր դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Հանրապետության նախագահի  կարգադրությամբ ստեղծվել է Մայր Տաճարի գմբեթների եւ տանիքների ամրակայման եւ վերանորոգման հարցերով հանձնաժողով` ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարությամբ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն  ներկայացվել է աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները և առաջադրված խնդրի բացահայտմանը նպատակաուղղված հատուկ մոտեցումներն ու դրանց լուծման ուղիները: Կարեւորվել է Մայր Տաճարի համաշխարհային ժառանգության պատմամշակութային հուշարձան լինելու հանգամանքը, որը  պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ուստի վերականգնողական աշխատանքներում շեշտվել է ժամանակակից նյութերի միջամտության անթույլատրելիությունը:

Առաջարկվել է ստեղծել  իրավասու մասնագետներից  կազմված մոբիլ համակարգող խումբ, որը տեղում կհետեւի հետազոտական աշխատանքների իրականացմանը, կառաջադրի վերականգնողական աշխատանքներին առնչվող ինժեներա եւ հիդրոերկրաբանական, նյութաբանական եւ այլ նեղ մասնագիտական խնդիրների լուծումներ: Նշված խումբը հենք կնախապատրաստի հուշարձանի վերականգողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար:

Share