Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՊՃՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲ ընկերությունում հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հետ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման խնդիրներին, մարզերում բնակչության կենսամակարդակի բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման, անհրաժեշտ հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և նախատեսվող քայլերին: Նա միաժամանակ յուրաքանչյուր անհատի եւ հասարակության առաջընթացի հիմքը համարել է գիտելիքը` ողջունելով երիտասարդների`նոր հմտություններ և մրցունակ կրթություն ստանալու ձգտումը: Ա. Գեւորգյանը պատասխանել է նաեւ ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Նշենք, որ «Հաղթողների ակումբի» անդամներ են ՀՀ նախագահի կրթական պարգեւի եւ ՏՏ ոլորտում միջազգային եւ հանրապետական օլիմպիադաների ու մրցույթների հաղթողները:

«Սինոփսիս Արմենիայի» աջակցությամբ ակումբի անդամները հանդիպումներ են ունենում ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաեւ հասարակական, տնտեսական, քաղաքական գործիչների հետ, որոնց հետ հանդիպումները վարպետության դասեր են երիտասարդների համար:

Share