Բաժին. Տնտեսական

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հանդես է եկել պարզաբանմամբ՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության շուրջ: Այն ամբողջական տեսքով ներկայացնում ենք ստորև.

Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման գործընթացում առաջացած խնդիրների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով` նշելով, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ, և հաշվետվությունների ներկայացման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները պայմանավորված չեն ՊԵԿ-ի թերացմամբ կամ կոմիտեի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգով, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Իրազեկվել է, որ հարկ վճարողների մուտքագրած անձնավորված տվյալների համապատասխանությունը ստուգվում է ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներից դուրս` այլ տեղեկատվական համակարգերի կողմից:

Երեկ, սակայն, նույն խնդրի վերաբերյալ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ում տարածած հայտարարության մեջ, որպես «էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման» պատասխանատու նշվել է ՊԵԿ-ը: Ուստի ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ, կիսելով ՄԻՊ-ի մտահոգությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց իրավունքների կատարման անհրաժեշտության առնչությամբ, միաժամանակ հարկ ենք համարում կրկին տեղեկացնել, որ ՊԵԿ-ն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցառումները` տնտեսվարող սուբյեկտների համար արդյունավետ էլեկտորային հաշվետվողական համակարգ ներդնելու ուղղությամբ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գործընթացը չի սահմանափակվում միայն ՊԵԿ-ի գործողություններով, այլ անմիջականորեն պայմանավորված է այլ հանրապետական մարմինների կողմից ինչպես գործընթացների իրականացմամբ, այնպես էլ վերջիններիս էլեկտրոնային համակարգերի արդիականացմամբ ու ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգի հետ ներդաշնակեցմամբ:

Մասնավորապես, որպեսզի ՊԵԿ տեղեկատվական համակարգը կարողանա ընդունել էլեկտրոնային հաշվետվությունները, անհարժեշտ է, որպեսզի տրամադրվեն նույնականացման քարտ, կարդացող սարք, իսկ համակարգ մուտք գործելու պահին համապատասխան պետական գերատեսչությունների համակարգերն առցանց եղանակով հավաստեն և նույնականացնեն համակարգ մուտք գործողի անհատական տվյալները: Կարծում ենք առավել քան հասկանալի է, որ ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրը կապված է ոչ թե ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգի, այլ վերոգրյալ էլեկտրոնային համակարգերի ոչ ներդաշնակ աշխատանքի հետ, իսկ թվարկվածն էլ բավարար է հավաստելու, որ  ՊԵԿ-ի գործառույթների և էլեկտրոնային համակարգերի աշխատանքի հետ խնդիրն առնչություն չունի:

Ավելին` ՊԵԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել նշված  խնդիրների ահազանգմանը և բազմիցս այդ հարցերը բարձարացրել պատասխանատու գերատեսչությունների առջև:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում հաշվետվություններ չներկայացնելու դեպքում բացակայում է իրավախախտման կազմը,  ՊԵԿ-ը որդեգրել է նշված տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանտվության ենթարկելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն: Խնդրի կարգավորման նպատակով դեռևս փետրվարի 20-ին ՊԵԿ և ֆինանսների նախարարության ղեկավարության մասնակցությամբ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է չկիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:

Միևնույն ժամանակ մեր ափսոսանքն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի՝ հրապարակավ հանդես գալու տոնի ու ձևի առթիվ և համարում ենք, որ դրանք ամենևին չեն համապատասխանում կատարված ուսումնասիրության և առկա խնդիրների աղբյուրների բացահայտման աշխատանքի որակին:

Share