Բաժին. Տնտեսական

ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար կազմակերպված «Հաջող սկիզբ» դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Ինչպես տեղեկացրել է ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարուժան Կարապետյանը՝ սկսնակ գործարարների աջակցության ծրագրի մասնակիցներից 27-ը կօգտվեն հատուկ սիրիահայերի համար նախատեսված արտոնյալ պայմաններով վարկերից:

Ծրագրի մասնակցությունը ենթադրում է 1.5-2 ամիս դասընթացներ, այնուհետ` մինչև 5 մլն դրամ արտոնյալ վարկ (առանց գրավի ու տարեկան 10%-ով) ստանալու հնարավորություն:

«Վարկավորման համար պետությունն արդեն տրամադրել է 100 մլն դրամ, սակայն այդ գումարը կարող է ավելանալ»,- ասել է Վ.Կարապետյանը:

Նշենք, որ սիրիահայ գործարարները ցանկություն ունեն Հայաստանում զբաղվելու բարձր ճնշմամբ խողովակների արտադրությամբ, հնաոճ կահույքի վերանորոգմամբ, ատամնատեխնիկական ծառայություններով, կարի արտադրությամբ, ավտոտեխսպասարկմամբ և այլն:

Նշենք նաև, որ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հարկային և մաքսային հարցերի պարզաբանումներ սիրիահայ գործարարների համար» թեմայով սեմինար-քննարկում:

Share