Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ J.P.MORGAN CHASE ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ 19 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Մինչև հաջորդ տարվա վերջ ամերիկյան խոշորագույն J.P.Morgan Chase բանկը մտադիր է կրճատել շուրջ 19 հազար աշխատատեղ: Նախատեսվում է, որ կրճատումներն առաջին հերթին բաժին կընկնեն հիփոթեքային վարկավորման, ինչպես նաև կորպորատիվ և մասնավոր բանկային ծառայությունների ստորաբաժանումներին:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով J.P.Morgan Chase & Co.-ն գրանցել էր զուտ շահույթի 12% աճ: Հաշվետու տարում բանկի զուտ շահույթը կազմել էր 21,284 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը՝ 5,2 ԱՄՆ դոլար:  

Հատկանշական է, որ 2012 թվականը բանկի համար այնքան էլ հաջող տարի չէր: Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին J.P.Morgan բանկը հայտարարել էր, որ կրել է 2 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս՝ անհաջող ներդրումային գործարքների արդյունքում:  Բացի այդ, հոկտեմբերին դատական հայց էր ներկայացվել J.P.Morgan Chase-ի դեմ, ըստ որի՝ վերջինս մեղադրվում է 22,5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական խարդախությունների մեջ:

J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է 2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share