Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի էներգետիկայի եւ ջրի նախարար Ջեբրան Բասիլի եւ էկոնոմիկայի ու առեւտրի նախարար Նիկոլաս Նահասի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպումների ժամանակ քննարկվել են համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Դեսպան Քոչարյանը նախարար Ջեբրան Բասիլին ներկայացրել է մանրամասներ Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերի աշխատանքներին երկու կողմերի անմիջական մասնակցության հնարավորությունները: Զրուցակիցները կարեւորել են շփումների եւ փոխայցելությունների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-10-ին Բեյրութում կազմակերպվող նավթի, գազի եւ էներգետիկայի հարցերին նվիրված «LOGEC 2013» միջազգային համաժողովի անցկացումը:

Նախարար Նիկոլաս Նահասի հետ կայացած հանդիպմանը կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ: Ընդգծվել է առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ապրանքաշրջանառության ծավալները: Զրուցակիցները համաձայնվել են, որ անհրաժեշտ է քննարկել առեւտրատնտեսական համատեղ պալատի ստեղծման հնարավորության հարցը, ինչպես նաեւ մշակել միջկառավարական հանձնաժողովի նստաշրջանի օրակարգի նախագիծը:

Share