Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝  հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը:

Կարևորելով  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները արդեն իսկ փաստում են, որ ծրագիրը հաջողված է:

Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը. «Գաղտնիք չէ, որ մետրոն ապահով և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի համարում ունի ամբողջ աշխարհում, և մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համայնքային և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների փոխտնօրեն Լին Օ՚ Գրեդին, իր հերթին  կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրագործման հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար:

Share