Բաժին. Տնտեսական

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԿԽՐԱԽՈՒՍՎԵՆ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հերթական նորամուծությունն է առաջարկում հարկ վճարողներին. ներդրվել է օրինապահ հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ` դրանով իսկ էլեկտրոնային երկխոսության նոր հարթակ ձևավորելով բիզնեսի համար:

ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ այս նորամուծության նպատակն է` վարչարարական եղանակներով խրախուսել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հարկային հաշվարկներ ներկայացնող և հարկային պարտավորություններ կատարող հարկ վճարողներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, նրանց նկատմամբ կկիրառվի վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն` հարկային հսկողության օրենսդրությամբ սահմանված ձևերն ու մեթոդները սահմանափակելով ռիսկերի բացահայտմանն ուղղված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններով և վերլուծություններով:

«Խրախուսման մեխանիզմի համաձայն, առնվազն մեկ տարվա ընթացքում հարկային և այլ հարակից օրենսդրությամբ սահմանված պարտավարությունները ճշգրիտ կատարած, ինչպես նաև հարկային և այլ հարակից օրենսդրության խախտումներ չիրականացրած հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն հայտարարել իրենց` որպես օրինապահ: Այնուհետև, հարկային մարմնի կողմից վերջիններիս օրինապահ լինելը հաստատվելու դեպքում կհրապարակվի տվյալ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողների ցանկը»,-տեղեկացրել է Միքայել Փաշայանը:

Այդ նպատակով ՊԵԿ հարկային ծառայության taxservice.am կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում օրերս ստեղծվել է ««Օրինապահ» հարկ վճարողների գրանցում» ենթաբաժինը, որտեղ հարկ վճարողները կարող են գրանցվել ինքնուրույն` մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Իսկ մինչև օգոստոսի 1-ը հաշվետու տարվա «օրինապահ» հարկ վճարողների ցանկը  կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքէջում:

Գրանցման ենթակա հարկ վճարողները դասակարգվում են 3 խմբի` խոշոր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում գերազանցել է 500 միլիոն դրամը, միջին հարկ վճարողներ, որոնց  հասույթը կազմել է 58,35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն և փոքր հարկ վճարողներ, որոնց հասույթը հաշվետու տարում չի գերազանցել 58,35 միլիոն դրամը: Նշենք, որ բաժնում հարկ վճարողները գրանցվում են հաշվետու տարվա արդյունքներով:

ՊԵԿ-ի պնդմամբ՝ էլեկտրոնային նոր գործիքի կիրառմամբ էապես կբարձրացվի հարկ վճարողների ինքնագնահատման աստիճանը. բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ առաջին անգամ կգործարկվեն տարբերակված վարչարարական մոտեցումներ: Միքայել Փաշայանի խոսքերով` «օրինապահ» հարկ վճարողների ցանկում ընդգրկված հարկատուների նկատմամբ կկիրառվի առավել մեղմ հարկային վարչարարություն: Համանման մոտեցում կդրսևորվի ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, այն տարբերությամբ, որ նրանց նկատմամբ օրենքով ընձեռնված բոլոր վարչարարական գործիքների կիրառումը կլինի պարտադիր և ՊԵԿ-ի խիստ ու հետևողական վերահսկողության ներքո:

Share