Արդյունաբերական արտադրանքի ծավալով Մեծ Բրիտանիան լքել է թոփ 10-ը՝ զիջելով Ռուսաստանին: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում անելով Make UK կազմակերպությանը, որը միավորում է Միացյալ Թագավորության արդյունաբերական հատվածի ընկերությունները:
Ըստ կազմակերպության տվյալների՝ 2022 թվականի պատկերն արտացոլող վերջին վարկանիշում Մեծ Բրիտանիան իջել է 12-րդ հորիզոնական: Սա չորս դիրքով ցածր է նախորդ տարվա վարկանիշից:
Ինչպես նշվում է հոդվածում, նոր ցուցակում Մեծ Բրիտանիայից առաջ են անցել Մեքսիկան և Ռուսաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ տեղերը: Այս ցուցանիշը լատինաամերիկյան երկրի դեպքում պայմանավորում են չինական ներդրումների աճով, իսկ Ռուսաստանի դեպքում՝ ռուսական պաշտպանական ծախսերի ավելացմամբ:
Վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել Չինաստանը, որին հաջորդում է ԱՄՆ-ն:
Ըստ The Times-ի՝ Մեծ Բրիտանիայի արտադրական հատվածը կազմել է 217 միլիարդ ֆունտ (282 միլիարդ դոլար) արտադրանք և զբաղվածությամբ է ապահովում 2.6 միլիոն մարդու: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Make UK-ն, երկրին անհրաժեշտ է «երկարաժամկետ արդյունաբերական ռազմավարություն», ինչը թագավորությունը պարզապես չունի՝ ի տարբերություն այլ արդյունաբերական զարգացած երկրների: