Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԻՐ «ՏԻՏՂՈՍԻՑ»

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը, ով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար America Movil ընկերության  սեփականատերն է, կարող է զրկվել աշխարհի ամենահարաուստ մարդու իր «տիտղոսից»: Այս մասին գրում է Bloomberg-ը: Գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սլիմը կորցրել է շուրջ 4,8 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ վերջին մեկ ամսում՝ իր ունեցվածքի 1/10-րդ մասը:

Forbes-ի տվյալներով՝ արդեն երեք տարի անընդմեջ Կարլոս Սլիմը մեծ վստահությամբ պահպանում է աշխարհի ամենահարուստ մարդու իր դիրքը: Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 69 միլիարդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Սլիմն իր  գոյության մասին «հայտարարել էր» 2010 թվականին և դարձել վերջի 16 տարվա ընթացքում առաջին ոչ ամերիակացի միլիարդատերն, ով գլխավորել է Forbes-ի վարկանիշը: Սլիմի նման հաջողությանը նպաստել էր America Movil ընկերության բաժնետոմսերի գների 27%-անոց թռիչքային աճը, որն ուղղակիորեն «հարստացրել էր» Սլինմին, ում պատկանում է ընկերության բաժնետոմսերի 62%-ը:

Ներկա պահին իրավիճակը փոխվել է. America Movil ընկերությունն աստիճանաբար կորցնում է իր առաջատարի դիրքը Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում, իսկ Սլիմի ներդրումները Եվրոպայում կարող են զգալի կրճատվել՝ ազատ դրամական միջոցների հոսքի նվազման պատճառով:

Վերջին տարիներին America Movil ընկերությունն իր մրցակիցների և պետական կարգավորող մարմինների կողմից մեղադրանքներ է ստացել՝ Մեքսիկայի շուկայում մենաշնորհային դիրք ունենալու համար (ընկերության մասնաբաժինը բջջային կապի շուկայում կազմում է շուրջ 70%): 2011 թվականին America Movil-ի բաժնետոմսերի գների անկման պատճառով Սլիմի կարողությունը կրճատվել է 5 միլիարդ ԱՄՆ դոլարով: Դրան նպաստել էր նաև Մեքսիկայի կառավարության կողմից ընկերությանը 1 միլիարդ ԱՄՆ դոլարով տուգանելու փաստը:

Դեռևս հայտնի չէ, թե 2012 թվականին Կարլոս Սլիմը որքան գումար է կորցրել, սակայն սպասելիքները մեծ են. Մեքսիկայի  կառավարությունը շարունակում է վերահսկել ընկերության գործողություններն, իսկ բաժնետերերն իրենց բաժնետոմսերը վաճառում են նվազագույն գներով:

Ներկա պահին America Movil-ը տարածաշրջանի ամենամեծ և ամենաապահով հեռահաղորդակցական ցանցն ունեցող ընկերությունն է, որը տարեկան ապահովում է մոտ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթ:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Մեքսիկայի կառավարության կողմից կապի ոլորտում իրականացվող բարեփոխումները բացասական ազդեցություն կունենան ընկերության ընդհանուր գործունեության վրա: Նշենք, որ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է շուկայում ավելի քան 40% բաժնեմաս ունեցող ընկերություններին հայտարարել մենաշնորհային դիրք ունեցողներ և «պարտադրել» ցանցի մի մասը վարձակալությամբ հանձնել այլ ընկերությունների: Հակառակ դեպքում, կառավարությունը կարող է հետ կանչել ընկերությանը տրված արտոնագիրը:

Վերլուծաբանների կարծիքով, Կարլոս Սլիմը հնարավորություն ունի եկամուտ ապահովել ներկայում մեծ պահանջարկ վայելով անլար ինտերնետի և վճարովի հեռուստատեսության ոլորտներում, որտեղ, սակայն, եկամտաբերության ցուցանիշն առավել ցածր է, քան  բջջային և ֆիքսված հեռախոսակապի ոլորտներում:

Share