Բաժին. Տնտեսական

FORBES 2013. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2013 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 1426 դոլարային միլիարդատեր: Վերջիններիս   համախառն կարողությունը կազմել է 5 տրիլիոն 400 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նախորդ երեք տարիներին, այս տարի ևս՝ աշխարհի ամենահարուստ մարդը 73-ամյա մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմն է, ով Լատինական Ամերիկայի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ America Movil-ի սեփականատերն է: Մեքսիկացի այս գործարարը հայտնի է նաև իր հաջող ներդրումներով բանկային, հանքարդյունաբերության և անշարժ գույքի ոլորտներում: Կարլոս Սլիմի կարողությունը  գնահատվում է 73 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ իր 67 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Առաջին եռյակը եզրափակում է իսպանացի գործարար Արմանսիո Օրտեգան (57 մլրդ ԱՄՆ դոլար), ով Indetex առևտրային կայսրության հիմնադիրն է: Indetex-ն առավել հայտնի է իր Zara խանութների  ցանցով:

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն` իր 53,5 մլրդ ԱՄՆ դոլարով, հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 4-րդ հորիզոնականում, իսկ ամերիկյան Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը (43 մլրդ ԱՄՆ դոլար) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ երկրորդ խոշորագույն մասնավոր ընկերության՝ Koch Industries-ի համասեփականատերեր Չարլզ և Դեվիդ Կոխ եղբարները (6-րդ հորիզոնական, 34 մլրդ ԱՄՆ դոլար), Ասիայի ամենահարուստ մարդը՝ Լի Կա-Շինը (7-րդ հորիզոնական, 31 մլրդ ԱՄՆ դոլար), L’Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրը (8-րդ հորիզոնական, 30 մլրդ ԱՄՆ դոլար), ճոխության հայտնի ապրանքային նշանները (Louis Vuitton, Givenchy, Guerlain, Chaumet, Moet&Chandon, Hennessy և այլն) ներկայացնող LVMH ընկերության սեփականատեր ֆրանսիացի Բերնար Առնոն (9-րդ հորիզոնական, 29 մլրդ ԱՄՆ դոլար) և ամերիկյան Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Քրիստի Վալթոնը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 28 մլրդ ԱՄՆ դոլար (10-րդ հորիզոնական):

Share