Բաժին. Տնտեսական

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Համաշխարհային բանկի աջակցությամբ` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում իրականացվող Արզնի-Շամիրամ ջրանցքի 8 կմ-անոց հատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ապրիլին: Այս մասին զեկուցվել է ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին՝ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատալով երեկ՝ մարտի 5-ին, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Մամուլի ծառայությունից՝ Արմեն Գեւորգյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին, պատասխանատուներին հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման հիմնական շրջանում ջրանցքը լիարժեք հնարավոր լինի օգտագործել:

Այնուհետև, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման շրջանի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Արմեն Գեւորգյանը պատասխանատուներին հանձնարարել է լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված խնդիրներ չառաջանան, և ջրօգտագործողների ընկերությունները պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել:

Փոխվարչապետն այցելել է նաև Մարտունի քաղաքի կեղտաջրերի մաքրման նորակառույց կայան, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կայանի հզորություններին:

Նշենք, որ Մարտունու կայանը շահագործման է հանձնվել տարեսկզբից: «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում նման կայաններ են կառուցվել նաեւ Գավառ եւ Վարդենիս քաղաքներում` լճի ավազանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով:

Կայաններն ամբողջ հզորությամբ կգործարկվեն այս տարվա ապրիլին: Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչեւ 19000 խմ, իսկ Մարտունի եւ Վարդենիս քաղաքների համար`մինչեւ 9500 խմ: Կայանների կառուցման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքներում կառուցվել են նաեւ կոյուղագծեր` ընդհանուր առմամբ 52 կմ երկարությամբ:

Գավառում ևս փոխվարչապետը ծանոթացել է կառուցված կայանի հնարավորություններին, որից հետո կայացել է խորհրդակցություն, և քննարկվել է ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերի ընթացքը:

Share