Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻՆ ԿՎՃԱՐԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ

2012 թվականի արդյունքներով ամերիկյան խոշորագույն բանկերից 6-ն իրենց բաժնետերերին կվճարեն, ընդհանուր առմամբ, 41 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է` 2007 թվականից ի վեր: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը` այս խոշորագույն բանկերի թվում են, մասնավորապես, Citigroup-ը, Bank of America-ն, JP Morgan-ը և Wells Fargo-ն:

Սպասվում է, որ ամերիկյան ֆինանսական կառույցները նախ կիրականացնեն արժեթղթերի հետգնում` 26,4 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով և այնուհետև կվճարեն բաժնետերերի շահաբաժինները` 14,5 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով:

Հատկանշական է, որ նախատեսված գործարքների իրականացման համար բանկերին դեռևս անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի թույլտվությունը:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ֆինանսական կառույցների բաժնետերերին շահաբաժիններ վճարելու հարցի վերաբերյալ համապատասխան որոշումը կկայացնի ընթացիկ ամսվա երկրորդ կեսին` սթրես-թեստերի արդյունքների հիման վրա:

Նշենք, որ 2012 թվականին ամերիկյան խոշորագույն բանկերի բաժնետերերին վճարվել էր 27,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ռեկորդային 2007 թվականին` 66,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Share