Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է այսուհետ հրապարակել նաև կենտրոնական բանկերի` ավստրալական դոլարով և կանադական դոլարով պահվող պահուստների վերաբերյալ տվյալները: ԱՄՀ-ի պարզաբանմամբ` նման որոշումը պայմանավորված է միջազգային շուկաներում այս արժույթների դերի բարձրացմամբ:

Նշենք, որ ներկայում ԱՄՀ-ն երեք ամիսը մեկ անգամ հրապարակում է կենտրոնական բանկերի` ԱՄՆ դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով և յենով պահվող պահուստների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

Հատկանշական է, որ տնտեսագետները բազմիցս խոսել են ԱՄՀ-ի կողմից կենտրոնական բանկերի պահուստների վերաբերյալ հրապարակվող տվյալների ոչ ամբողջական լինելու մասին:

Նշենք, որ երկրների միջազգային պահուստները դրանք կենտրոնական բանկերի այն միջոցներն են, որոնք կարող են օգտագործվել ազգային արժույթի փոխարժեքի կայունացման կամ պարտքի մարման նպատակով: Սովորաբար պահուստները արտահայտված են լինում առավել իրացվելի արժույթներով, ինչպես նաև թանկարժեք մետաղներով (այդ թվում` ոսկի) և SDR-ով:

SDR-ը (ՀԻՓ, հատուկ փոխառության իրավունք) ԱՄՀ-ի պահուստային եւ փոխհաշվարկային արհեստական միջոցն է: Այն ստեղծվել է 1969 թվականին և հատկացվում է երկրների պահուստների համալրման, ԱՄՀ-ի վարկերի դիմաց վճարումների կատարման և վճարային հաշվեկշիռների սալդոյի կանոնակարգման համար։

Share