Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 561 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ ՏՈՒԳԱՆԵԼ Է MICROSOFT-ԻՆ

Եվրահանձնաժողովը 561 մլն եվրոյով տուգանել է ամերիկյան Microsoft ընկերությանը` Windows օպերացիոն համակարգի օգտատերերի համար ինտերնետային բրաուզերի ընտրության հնարավորություն չապահովելու և ստանձնած պարտավորությունը խախտելու համար:

Ի հակադրություն առավել վաղ Microsoft ընկերության և Եվրահանձնաժողովի միջև ձեռքբերված համաձայնության, Windows օպերացիոն համակարգի ներդրման ժամանակ դեռևս հասանելի է միայն Internet Explorer-ը:

Հիշեցնենք, որ Microsoft ընկերության կողմից ինտերնետային բրաուզերի ընտրության սահմանափակման շուրջ հետաքննությունը սկսվել էր մի քանի տարի առաջ` Opera բրաուզերը ներկայացնող նորվեգական ընկերության կողմից ներկայացված համապատսխան հայցի հիման վրա:

2009 թվականին Եվրահանձնաժողովը եզրակացության էր եկել, որ Windows օպերացիոն համակարգում Internet Explorer-ի «պարտադրաբար» կիրառումը խախտում է Եվրամիության օրենսդրությունը և սահմանափակում վեբ-բրաուզերների շուկայի զարգացումն ու հարկադրում վեբ-կայքերն ու ծրագրային հավելվածները ստեղծել Internet Explorer-ի պահանջներին համապատասխան: Ի պատասխան մեղադրանքի` Microsoft-ը պարտավորվել էր հետագայում Windows օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում ներդնել բրաուզերի ընտրության հնարավորություն:

Իր այս խոստումը, սակայն, Microsoft-ը չի կատարել և Windows օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակներում ընտրության հնարավորության բացակայությունը պատճառաբանել է տեխնիկական սխալով:

Share