Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ

2012 թվականին աշխարհի խոշորագույն բանկերի աշխատակիցների բոնուսները և աշխատավարձային վճարումները կազմել են շուրջ 275 մլրդ եվրո: Նման եզրակացության են եկել Reuters-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով EuroStoxx 600 խմբում ընդգրկված եվրոպական առաջատար ֆինանսական կառույցների և վերջիններիս ամերիկյան մրցակիցների ծախսերը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, աշխարհի 35 խոշորագույն բանկերը մոտ 10 մլրդ եվրոյով ավելացրել են աշխատակազմի վարձատրման և պարգևատրման մասով կատարվող ծախսերն, ընդ որում՝ այս 35 բանկերից 18-ի մոտ աճել է աշխատակազմի վրա կատարվող ծախսերի և շահույթի հարաբերակցությունը:

Reuters-ի գնահատմամբ՝ 2012 թվականի արդյունքներով բոնուսների և աշխատավարձերի առավել զգալի աճ գրանցվել է Danske Bank-ում, ինչպես նաև ամերիկյան Goldman Sachs-ում և Deutsche Bank-ում:

2012 թվականի արդյունքներով աշխարհի խոշորագույն բանկերի մեկ աշխատակցի մասով փոխհատուցված միջին գումարը կազմել է 87 հազար 400 եվրո: 

Նշենք, որ աշխարհի խոշորագույն բանկերում աշխատում է շուրջ 3,25 մլն մարդ:

Հիշեցնենք, որ Եվրոպան այժմ քննարկում է տարածաշրջանում նոր ֆինանսական կանոններ սահմանելու և բանկային բոնուսները կրճատելու հարցը:

Share