Բաժին. Տնտեսական

ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխությունների՝ կառավարարության օրենսդրական նախաձեռնությունը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ փաթեթը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Գլխադասային հանձնաժողովը գործադիրի մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ արդեն իսկ նախնական քննարկումներ է ունեցել՝ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալով:

Նիստում նշվել է, որ առաջարկվող փոփոխություններն ընդունելու պարագայում իրավաբանորեն կամրագրվի բյուջեի նախագծերը ծրագրային ձեւաչափով կազմելու քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական թիրախը կլինի ծրագրերի իրակացումից ստացված արդյունքը: Պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն արդեն իսկ առաջնորդվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, կիրառում որոշ տարրեր բյուջեի նախագծեր կազմելիս, տարեցտարի ընդլայնում ծրագրային բյուջետավորման շրջանակը: Օրենսդրորեն, սակայն, այս մոտեցումն ամրագրված չէ:

«Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է նաեւ հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաեւ կանոնակարգել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները:

Share