Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոխվարչապետը, կարեւորելով գյուղացիական տնտեսություններին ժամանակին եւ անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը, ՋՕԸ ղեկավարներին հորդորել է սեղմ ժամկետներում ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ արդեն պատրաստվել ոռոգման կազմակերպման աշխատանքներին:

Քննարկվել է մարզի որոշ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ի 163Ն որոշմամբ, ընդհանուր առմամբ, շուրջ 440 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի որոշ տարածքներում սակավաջրության խնդիրը լուծելու համար: Տեղեկացվել է, որ արդեն մեկնարկել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ իրականացվելիք աշխատանքների արդյունքում նշված տարածքներում էապես կբարելավվի ջրամատակարարումը: Նա հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման համար դժվարություններ ընթացքում չառաջանան:

Արմեն Գեւորգյանն այցելել է նաեւ մարզի Հայկավան, Մրգաշատ համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում նշված համայնքներում առաջիկայում կմեկնարկեն դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները: Այդ նպատակով, ընդհանուր առմամբ, 100 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել ծրագրի ընթացքը, կարեւորել աշխատանքների ժամանակին եւ որակով իրականացումը:

Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագիրը եւս հիմնականում ուղղվել է դպրոցների վերանորոգմանը: Միայն այս ծրագրի շրջանակում մարզում կվերանորոգվի 18 դպրոց, որին կուղղվի 1 մլրդ դրամ` մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից:

Share