Բաժին. Տնտեսական

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 57-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում կլինեն ինովացիոն, գիտատեխնիկական ոլորտներում գործակցության հարցերը, կքննարկվեն ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հաշվետվությունները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ փոխվարչապետը կմասնակցի նաեւ Մոսկվայում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Արդի մարտահրավերներ եւ Համագործակցության տարածքում ինտեգրացիայի զարգացման հեռանկարներ» խորագրով:

Ավանդաբար անցկացվող համաժողովը ԱՊՀ երկրների պետական մարմինների ղեկավարների եւ գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչների կառուցողական փոխգործակցության եւ փորձի փոխանակման կարեւոր հարթակ է համարվում: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններին նվիրված թեմատիկ կլոր սեղաններ:

Share