Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍՆ ԱՅԼԵՎՍ «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏ» ՉԷ

«Ցավոտ, բայց պարտադիր». Կիպրոսում այսպես  են բնորոշում այն համաձայնությունը, որը ձեռք է բերվել Եվրամիության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Կիպրոսի ղեկավարության միջև և ըստ որի՝ Կիպրոսը, «ցանկալի» ֆինանսական օգնությունը ստանալու համար, 1-անգամյա հարկման կենթարկի բանկային ավանդները: Ենթադրվում է, որ 100 հազար եվրոն գերազանցող բանկային ավանդների դիմաց 9,9%, իսկ ավելի քիչ գումարով ավանդների դիմաց 6,75% հարկ կիրառելու դեպքում միայն Կիպրոսը կստանա 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնությունը:

Համաձայնության հրապարակումից հետո Կիպրոսի բանկերի հաճախորդները հայտարարել են, որ իրենց զգում են խաբված, չնայած այն փաստին, որ «կորցրած» ավանդների դիմաց Կիպրոսը ավանդատուներին խոստանում է բանկային արժեթղթեր:

Կանխատեսվում է, որ առավել շատ կտուժեն ռուս ավանդատուները:

Հատկանշական է, որ շատ վերլուծաբաններ արդեն նշում են, որ ճգնաժամի պատճառով Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կկորցնի «հարկային դրախտի» իր կոչումը:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Ռուսաստանը Կիպրոսին հատկացրել էր 2,5  մլրդ եվրոյի օգնություն: Հետագայում Կիպրոսը խնդրել էր ևս 5 մլրդ եվրո, սակայն Ռուսաստանը որոշել էր Կիպրոսի ֆինանսական խնդիրները լուծելու հարցը թողնել Եվրամիությանը:

Share