Բաժին. Տնտեսական

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ Ազգային ժողովը մեկնարկել է հերթական քառօրյան: Առաջին նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ գործադիրն առաջարկում է ստեղծել պետական մասնակցությամբ ընկերություն և նրան նույնպես տալ արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվելու հնարավորություն: Նորաստեղծ ընկերությունն իրավասու կլինի իրականացնել վարկի, երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով ապահովագրություն՝ օրենքով նախատեսված լիցենզիայի հիման վրա:

Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունների ստեղծումը, նախարարի խոսքերով, համահունչ է կառավարության որդեգրած՝ Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը եւ կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը:

Նախարարն արտահանողներին աջակցելու կարեւոր գործիք է համարել արտահանման վարկավորման ապահովագրության ներդրումը, միաժամանակ հույս հայտնել, որ կնվազեն արտահանման ֆինանսնավորման տոկոսադրույքներն ու կընդլայնվի բանկերի համար արտահաման ֆինանսավորման ծածկույթը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրել է հարցի վերաբերյալ հանձնաժողովի ձեւավորած դրական եզրակացությունը՝ նշելով, որ որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ աշխատանքային խումբը կմշակի եւ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կներկայացնի օրինագծի լրամշակված եւ ընդունելի տարբերակ:

Share