Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել արհեստական բանականության կիրառման վերաբերյալ առաջին միջազգային պայմանագիրը, որը իրավաբանորեն պարտադիր կլինի: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Խոսքը Եվրոպայի խորհրդի փաստաթղթի մասին է, որը երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրի, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից:
Համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները պատասխանատու են լինելու ԱԲ համակարգերում վնասակար կամ խտրական բովանդակության համար: Դրա համաձայն՝ արգելվում է հավասարությունը և գաղտնիության իրավունքը խախտող նյութերի հրապարակումը:
Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը, արհեստական բանականությունը շատ արագ է զարգանում, և դրա կիրառումը կարգավորող միջազգային պայմանավորվածությունները շատ կարևոր են: Ի դեպ, այս համաձայնագիրն առաջինն է աշխարհում, որը միավորում է մի քանի երկրների:
Սա միջոցներ է ներառում արագ զարգացող արհեստական բանականության ծրագրակազմը վերահսկելու համար: Այստեղ ներառված են Արհեստական բանականության մասին եվրոպական ակտը և G7-ի համաձայնագիրը, որը համաձայնեցվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Անցյալ տարվա նոյեմբերին էլ արհեստական ինտելեկտի անվտանգ օգտագործման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջին գագաթնաժողովում 28 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ստորագրեցին արհեստական բանականության անվտանգ օգտագործման մասին Բլետչլիի հռչակագիրը:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։