Բաժին. Տնտեսական

ՀՀ-ԱՄԷ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԸՆԴԼԱՅՆՎԵՆ

ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը Դուբայում հանդիպել է ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման ժամանակ փոխվարչապետը նախ շնորհավորել է Լուբնա ալ Քասիմիին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նախկինում արտաքին առեւտրի նախարարի պաշտոնում նրա հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել  նաեւ «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» (Majid Al Futtaim) ընկերության ղեկավարների հետ: Նրանք փոխվարչապետին տեղեկացրել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին: Երկուստեք հայտնել են փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն: Արմեն Գեւորգյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ընկերությանը` նախանշված ծրագրերի իրագործման հարցում:

Փոխվարչապետի մյուս հանդիպումը ԱՄԷ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ էր, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաեւ Հայաստանից կենդանի անասունների արտահանման հնարավորությունները:

Ավարտելով այցը ԱՄԷ` փոխվարչապետը մեկնել է Քուվեյթ:

Share