Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է MITT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մարտի 20-ից 23-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև նշվում է «MITT»-ի 20-ամյակը:

«Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը», – նշել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: «Սույն ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և զբոսաշրջության խթանմանն ուղղված 2013թ. մեր նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է», – ասել է նա:

«MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

«Մեր ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային արտադրանքի ներկայացմանը և խթանմանը»,-նշել է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն և հավելել. «MITT-ի արդյունքում «Ի-Դի-Էմ-Սի»-ին ՀԱՄՀ-ի հետ համատեղ ռուսական լրատվամիջոցների և ճամփորդական գործակալների համար կկազմակերպի երկու ճանաչողական այց Հայաստան»:

Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում մարտի 21-ին կազմակերպվելու է նաև ռուսական զբոսաշրջային գործակալների և առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և զբոսաշրջային արդյունքները:

Share